«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

Համաշխարհային այս թատրոնի հանդիսատեսները մի հին դերակատարի վախճանին են սպասում

Համաշխարհային այս թատրոնի հանդիսատեսները մի հին դերակատարի վախճանին են սպասում
01.09.2024 | 06:59

Մենք սկսել ենք ապրել ծանծաղ ջրերի օրենքով։ Մեր ջրերով մեծ նավեր չեն անցնում, այստեղ-այնտեղ ոտք դնողների պատճառով՝ անգամ տիղմը նստվածք չի տալիս, որպեսզի վերևում մաքուր շերտեր մնան, տեղ-տեղ ճահճացման պրոցեսներ են սկսվել։ Արցախի ազատագրումը մաքրեց մեզ, ֆիզիկական ու մետաֆիզիկական տարածք ազատեց մեր ոգու համար, մեր հոգու գաղտնաշերտերից լուսեղեն պոռթկումների համար, սակայն մենք մեր ապաշնորհությամբ, ընչաքաղցությամբ, միջակությամբ՝ մեր նահատակների ու հերոսների սուրբ գործին արժանի չեղանք, գաճաճ պետություն կառուցեցինք, ու հիմա հայաթափման ալիքների տակ կոնվուլսիվ ջղաձգումներ ենք ապրում։ Հոգևարքն էլ հեռու չի, եթե կանգ չառնենք ու ինքներս մեզ այս ճահճից հանելու պրոցեսները չսկսենք։

Ո՞րն է մեր սխալը։

Մենք մեզ ավելի ենք սիրում քան մեր Երկիրը։ Դադարել ենք գաղափարական լինելուց, տուն պահողների ազգ ենք դարձել, այս կամ այն իշխանավորի հետ մոտիկ լինելով, վաճառում ենք մեզ էլ, մեր ապագան էլ, մեր ձայնն էլ, սակայն անվերջ փնովելով սրան էլ, նրան էլ։

Ոչ կոմունիզմին ենք հավատում, ոչ կապիտալիզմին, ոչ էլ Աստծուն։

Ու հիմա հավատի մի աղբյուր է մնացել՝ հայի գենը։ Ոտքերով քվեարկելով, առաջին իսկ դժվարության դեպքում հեռանում ենք խոչընդոտից, հիմարից, բարդությունից ու գնչուի նման այլ ափերում բախտ որոնում։

Այլ ափերում էլ միասնական չենք։ Հները՝ նորերին, նորերն էլ վաղվա եկողներին են արհամարհելու։ Եվրոպայում Եղեռնից փրկվածների սերունդները նորեկներին չեն սիրում։ Բայց բոլորս միակամ, շարունակ հպարտանալու ենք Տիգրան Մեծով ու Նարեկացիով, Քրիստոնեության ընդունելությամբ ու անվերջ կրկնելով, որ առաջին գենոցիդը մեր նկատմամբ է եղել։

Հոգեկան խանգարումի է նման։

Աշխարհն աշխարհի՝ մենք միայն մեր մասին։ Գրողը պիտի հայ լինի՞, որ կարդանք։ Չենք էլ կարդում։ Գրախանութ չունենք, կարդացող դաս չունենք։ Դրական ծիլեր կան ու մեկ էլ ոգեղեն մի բանակ, ավելի ճիշտ, երիտասարդություն, որն էլ հաղթանակների կարիք ունի։ Ոչ միայն տարածքային, այլև՝ թիկունքում։

Ֆուտբոլը պարտվում ենք, գիտնականները կարծես թե վերացել են, բարձրագույն ուսումնական հաստատությունները աշխարհի ռեյտինգային ցուցակներում չկան, արդյունաբերությունը անկում է ապրում, պետությունը, որ հասարակության կազմակերպման եղանակն է, չգիտի ուր է գնում, էլ չասեմ այն մասին, թե արտաքին աշխարհը ի՜նչ մարտահրավերներ է նետում մեր դեմքին՝ բոլոր կողմերից։

Ի՞նչ անել։

Սկսել է պետք, այն էլ՝ օրենքներից։

Առաջին օրենքը պիտի լինի Հայրենադարձության մասին օրենքը։

Երկրորդը՝ ՀՀ քաղաքացիների ՀՀ սահմաններից դուրս ընտրական իրավունքի ապահովումի մասին օրենքը։

Երրորդը՝ ներդրումների ապահության, օրենքի առջև հավասարության, հակամոնոպոլիստական միջոցառումների մասին օրենքը։

Չորրորդը՝ սփյուռքահայերի՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցելու, զինծառայողների սոցիալական ապահովության մասին օրենքը։

Ինչու՞ սրանցից։

Որովհետև ծանծաղ ջրերից դուրս գալու համար մենք ինքներս պիտի մեր գետի հունը մաքրենք, ափերը լայնացնենք, բոլոր հայերին դարձնենք պետական շինարարության մասնակից։ Որովհետև մենք համաշխարհային երևույթ ենք ու համաշխարհային բեմահարթակ վերադառնալու համար մեր հարցերի լուծումները նաև պիտի հանենք մեր պետության շրջանակներից։ Որովհետև մենք դա ի վիճակի ենք անելու։ Որովհետև օտարներին ծառայելիս շատ էլ հաջողակ ենք, իսկ մեզ ծառայելիս՝ կաշառակեր ու ապաշնորհ։ Ուրեմն կանոնների ու սկզբունքների հարց է։ Եթե մենք մեզ չհանենք այս ցեխից, ապա համաշխարհային այս թատրոնի հանդիսատեսները մի հին դերակատարի վախճանի են սպասում։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 3345

Մեկնաբանություններ